Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ չեն համաձայնի Գազայի հատվածում անժամկետ հրադադարի հաստատմանը, քանի դեռ չեն հասել իրենց նպատակներին, այն է՝ պատանդների վերադարձ և ՀԱՄԱՍ շարժման ոչնչացում: Բենիամին Նեթանյահուն հավելել է՝ Թել Ավիվը նաև պետք է ապահովի, որ Գազայի հատվածից Իսրայելին այլևս վտանգ չսպառնա:
Նրա խոսքով՝ իսրայելական կողմը շարունակելու է պնդել, որ իր պահանջները կատարվեն մինչև հրադադարի հաստատումը: Ավելի վաղ՝ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Իսրայելը Կատարի միջոցով հրադադարի նոր առաջարկ է ներկայացրել ՀԱՄԱՍ շարժմանը:
Ջո Բայդենի խոսքով՝ այն բաղկացած է երեք փուլից՝ Գազայից իսրայելական զորքերի դուրսբերում և Համասի գերեվարած պատանդների վերադարձ, անժամկետ զինադադար և Գազայի հատվածի վերականգնման մեկնարկ։
Սպիտակ տան ղեկավարը թե՛ ՀԱՄԱՍ-ին, թե՛ Իսրայելի իշխանությանը կոչ է արել հետևել այդ ծրագրին՝ հաշվի առնելով, որ, ըստ Բայդենի, Իսրայելում հակամարտությունը երկարաձգելու կողմնակիցներ կան:
«Աշխատում ենք «երկու պետության» բանաձևով կարգավորման ուղղությամբ՝ ապահովելու անվտանգություն, բարգավաճում և կայուն խաղաղություն Իսրայելի և Պաղեստինի համար», - շեշտել է Բայդենը:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։