Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ՍՀԻԱ բաժնի օժանդակությամբ ազատազրկված անձանց և նրանց երեխաների մասնակցությամբ իրականացվել է մեկօրյա խմբային հոգեբանական աշխատանք և միջոցառում։
Նմանատիպ ձևաչափով միջոցառում ազատազրկված անձանց համար կազմակերպվում էր առաջին անգամ։ Միջոցառման բուն նպատակն է եղել խմբային հոգեբանական աշխատանքի և ազատ շփման միջոցով նպաստել ազատազրկված անձանց և նրանց երեխաների միջև հարաբերությունների առավել ամրապնդմանը, հուզական կապվածության պահպանմանը, վերասոցիալականացման միջոցառումներին ակտիվորեն մասնակցող ազատազրկված անձանց դրական վարքի ձևավորմանը։
Կազմակերպիչների կողմից միջոցառումն իրականացվել է երկու հատվածներով՝ խմբային հոգեբանական աշխատանք, որը վարել են ՍԻԱՀ բաժնի աշխատակիցները, և ազատ ժամանց։ Միջոցառման առաջին հատվածն անցկացվել է տարբեր հոգեբանական խաղային մեթոդների, քննարկումների միջոցով, որից հետո՝ երկրորդ փուլում, երեխաների համար կազմակերպվել են հետաքրքիր խաղեր, հյուրասիրություն և ազատ շփում իրենց հայրերի հետ։
Միջոցառման ավարտին ազատազրկված անձինք երախտիքի խոսքերն են հայտնել կազմակերպիչներին՝ երեխաների և իրենց օրն այդքան հագեցած և հիշարժան դարձնելու համար։