Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է 18-ամյա չեչենի, որը կասկածվում է Փարիզում ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ ահաբեկչություն նախապատրաստելու համար:
Երկրի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ երիտասարդը ծրագրել է Սենտ Էթիեն քաղաքի «Ժոֆրուա Գիշար» մարզադաշտում ֆուտբոլային խաղի ժամանակ ահաբեկչություն իրականացնել «իսլամիստական դրդապատճառներով և նահատակվել»: Հարձակման թիրախում պետք է լինեին հանդիսատեսն ու ոստիկանները։
Նշվում է, որ ենթադրյալ հանցագործը ձերբակալվել է մայիսի 22-ին, իսկ չորս օր անց նրան մեղադրանք է առաջադրվել որպես հանցավոր ահաբեկչական խմբի ղեկավարի: Նա կալանավորվել է: Ըստ լրատվամիջոցների տեղեկության՝ երիտասարդը ծնողների հետ Ֆրանսիա է ժամանել 2023 թվականին։