ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ երեխաներ,
Շնորհավորում եմ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Այս տոնը ևս մեկ առիթ է՝ ընդգծելու երեխաների իրավունքների պաշտպանության կարևորությունը։
Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ իմ առաջնահերթություններից է երեխաների իրավունքների պաշտպանությունը: Մեծ է պետության դերը երեխաների իրավունքների ապահովման և պաշտպանության հարցում:
Երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից առաջնային է կրթական բարենպաստ միջավայրի ստեղծման, այդ թվում՝ բուլինգի և անհանդուրժողականության դեմ պայքարի ուղղությամբ համապարփակ և արդյունավետ միջոցների ձեռնարկումը։
Հարգելի՛ գործընկերներ,
ցանկանում եմ ընդգծել նաև երեխաների համար մեր օրինակելի վարքագծի դերակատարությունը։ Պետք է մշտապես հիշենք, որ երեխաները մեզ հաճախ չեն լսում, բայց հիանալիորեն ընդօրինակում են։
Սիրելի՛ երեխաներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեր տոնը: Թող որ մանկության ձեր աշխարհում անկեղծ ժպիտն ու սերն անպակաս լինեն»: