Ինժեներական քաղաքում մայիսի 31-ին բացվել է Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնը:
ԲՏԱ նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Ինժեներական քաղաքում մասնակցել է կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը։
Մխիթար Հայրապետյանը շնորհավորել է ներկաներին, նշել, որ Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծումը փայլուն օրինակ է, թե ինչպես պետությունը մասնավոր հատվածի և միջազգային գործընկերների հետ կարող է համատեղել ջանքերը և ունենալ նշանակալի արդյունք։
«Համոզված եմ, որ այս նախագիծը նպաստելու է հայաստանյան տնտեսության մրցունակության բարձրացմանը՝ բարձր արտադրողականությամբ հաշվողական սարքավորումներ, ամպային տեխնոլոգիաների, մեծ տվյալների վերլուծության և արհեստական բանականության ոլորտներում մասնագիտացված նորարարական լուծումներ ստեղծելու միջոցով»,- նշել է նախարարը։
Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ԱՄՆ դեսպանության քաղաքատնտեսական բաժնի ղեկավար Ալիսոն Հաննան։
«Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնն» անվանակոչվել է աշխարհահռչակ հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով: Ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած կենտրոնը հնարավորություն է տալու շատ արագ կատարել բարդ հաշվարկներ և տվյալների վերլուծություններ տարբեր ոլորտներում։