Ուկրաինան Վաշինգտոնից թույլտվություն է ստացել ամերիկյան զենքով հարվածելու Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական թիրախներին՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահի խոսնակը:
The Guardian-ի հետ զրույցում Սերգեյ Նիկիֆորովը մանրամասնել է, որ Կիևը դիվանագիտական խողովակներով դրական ազդակներ է ստանում Խարկովի շրջանի սահմանամերձ տարածքներում ԱՄՆ-ի մատակարարած զենքի սահմանափակ կիրառման մասին։
«Սա զգալիորեն կուժեղացնի Ուկրաինայի սահմանը զանգվածաբար հատելու՝ ռուսական ուժերի փորձերին դիմակայելու մեր կարողությունը»,- հավելել է Նիկիֆորովը:
The Guardian-ի հետ հարցազրույցում Վոլոդիմիր Զելենսկին, սակայն, հայտարարել է, որ Ուկրաինան պետք է կարողանա հեռահար հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին: Ուկրաինայի նախագահը կոչ է արել Վաշինգտոնին՝ ավելի շատ վստահել ուկրաինական կողմին: Այդ պահանջը, սակայն, դեռ կարմիր գիծ է Սպիտակ տան համար:
Գերմանական Bild-ն էլ գրել է, որ կանցլեր Օլաֆ Շոլցը ևս թույլ է տվել Ուկրաինային գերմանական զենքով հարվածել Ռուսաստանի տարածքում տեղակայված ռազմական թիրախներին: Ըստ պարբերականի՝ Գերմանիայի կառավարությունից նշել են, որ Կիևն իրավունք ունի պաշտպանվելու ռուսական հարձակումներից՝ իր միջազգային պարտավորություններին համապատասխան:
Ավելի վաղ Կրեմլը նախազգուշացրել էր՝ նման զարգացումները կարող են հանգեցնել լուրջ էսկալացիայի, Մոսկվան պատասխան քայլեր կձեռնարկի: