Պրահայում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման գլխավոր թեմաներն են եղել Վաշինգտոնում դաշինքի գագաթնաժողովի համար ծրագրի նախապատրաստումը և Ուկրաինային օգնությունը: Այդ մասին հանդիպման ավարտին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին:
Նրա խոսքով՝ Չեխիան աջակցում է ՆԱՏՕ-ի ղեկավարության առաջարկին՝ դաշինքի 32 անդամների կողմից Ուկրաինային տարեկան 40 մլրդ դոլար հատկացնելու մասին: Դա, նրա խոսքով, Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների ընդհանուր պաշտպանական ծախսերի 0,08 տոկոսն է:
Լիպավսկին հույս է հայտնել, որ Հունգարիան կվերանայի իր դիրքորոշումը Կիևին ռազմական օգնություն ցուցաբերելու հարցում և չի արգելափակի որոշումները: Չեխիայի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ ՆԱՏՕ-ի անդամ պետություններն այս հարցի շուրջ քննարկում են անցկացնում Բուդապեշտի հետ: