ՄՊՀ ներկայացուցիչներն այսօր առցանց ձևաչափով մասնակցել են Դուշանբեում տեղի ունեցած ԱՊՀ մասնակից պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 56-րդ նիստին: Այս մասին հայտնում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից:
Նիստի շրջանակում հանձնաժողովի անդամ Շուշան Սարգսյանը հանդես է եկել ընթացիկ ժամանակահատվածում ՀՀ-ում մրցակցային քաղաքականության ոլորտում տեղի ունեցած առավել նշանակալի իրադարձությունների վերաբերյալ զեկույցով:
Մասնավորապես անդրադարձ է կատարվել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխություններին, ոլորտային ուսումնասիրությունների արդյունքներին և Հանձնաժողովի իրավակիրառ փորձի ուշագրավ օրինակներին, այդ թվում՝ բանակցային ուժեղ դիրքի չարաշահման և անբարեխիղճ մրցակցության դրսևորումներին։
Միջոցառման շրջանակներում տեղի են ունեցել նաև Հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ հետազոտությունների շտաբի և Գովազդի հարցերով կոորդինացիոն խորհրդի նիստեր:
Շտաբի նիստի օրակարգում առևտրի առցանց հարթակներում կոնտրաֆակտ ապրանքների իրացումը կանխարգելելու նպատակով մոդելային փաստաթղթի մշակման, մրցակցային խախտումների կանխարգելման և այդ իրավախախտումների արդյունքում անձանց իրավունքների և շահերի քաղաքացիաիրավական պաշտպանությանը վերաբերող զեկույցների նախապատրաստման և այլ հարցեր էին:
Գովազդի հարցերով կոորդինացիոն խորհրդի նիստի շրջանակում քննարկվել են վճարովի տեղեկատվության և գովազդի տեղադրման գործընթացում բլոգերների բարեխիղճ վարքագծի, սպառողների մոլորեցում թույլ չտալու նպատակով վարկերի գովազդին ներկայացվող պահանջների, գովազդի շուկայի զարգացման և այլ հարցեր: