Մայիսի 27-ից 29-ը իրականացվել է վնասակար ծրագրային ապահովում տարածող ցանցի (Botnet) դեմ առաջին ամենամեծ միջազգային ոստիկանական գործողությունը, որը Եվրոմիության իրավապահ ծառայությունն անվանել է «Էնդշպիլ» (Operation Endgame)։
Գերմանիայի, Նիդերլանդների և Ֆրանսիայի գլխավորած հետաքննությանն աջակցել է նաև Եվրաջասթը։
Գործողությանը ներգրավվել են Հայաստանի, Դանիայի, Միացյալ Թագավորության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Բուլղարիայի և մի շարք երկրների իրավապահներ, որոնց արդյունքում իրականացվել են ձերբակալումներ, խուզարկություններ, առգրավումներ և ավելի քան 100 ինտերնետ սերվերների ու դոմեյնների արգելափակումներ։
Գործողության ընթացքում իրականացվել է 16 խուզարկություն, ավելի քան 2000 դոմեյններ գտնվում են իրավապահների օպերատիվ հսկողության տակ։
Մինչ այժմ իրականացված հետաքննության արդյունքում պարզվել է, որ գլխավոր կասկածյալներից մեկը վաստակել է առնվազն 69 մլն եվրո (74,5 մլն դոլար) կրիպտոարժույթով՝ կայքերը վարձակալության տալով կիբեռհանցագործներին։
Փոխադարձ իրավական օգնության շրջանակներում, ՀՀ գլխավոր դատախազության համակարգմամբ, Քննչական կոմիտեի և ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների ծառայողները Երևանում իրականացրել են մեկ խուզարկություն, որի ընթացքում առգրավել են քննության համար նշանակություն ունեցող համակարգչային տեխնիկա։