ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են՝ նախարարության համակարգմամբ հունիսի 14-16-ը Հայաստանում կիրականացվի «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումը: Եռօրյա միջոցառումները կանցկացվեն ՀՀ հնագիտական վայրերում, թանգարաններում, արգելոց-թանգարաններում և տարբեր այլ տեղերում
Հայաստանը նշյալ միջոցառմանը միացել է 2022 թվականին։ Հայաստանում հունիսի 14-ին, 15-ին և 16-ին անցկացվող «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառմանը միացել են Հայաստանում հնագիտությամբ զբաղվող ՀՀ ԳԱԱ «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ», «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն», «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն», «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ները և առաջին անգամ՝ Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանը։
Միջոցառումները նախատեսված են բոլոր տարիքային խմբերի, հնագիտությամբ հետաքրքրվողների և սիրահարների համար։
Երեք օրվա ընթացքում հանրությանը հնարավորություն կընձեռվի ծանոթանալ հնագիտության բոլոր մանրամասներին՝ այցելություններ պեղավայրեր, հնագիտական հետազոտական կենտրոններ, որոնք սովորաբար բաց չեն հանրության համար, հանդիպումներ հնագետների և հնագիտական գտածոների վերականգնողների հետ: Տեղի կունենան մի շարք կրթական և ճանաչողական միջոցառումներ (պեղումների, ցուցադրությունների, դասընթացների կազմակերպում, մասնակցություն՝ գտածոների վերականգնման աշխատանքներին)։
Միջոցառումների ծրագիրն՝ այստեղ։
2010 թվականից Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումների համակարգումն ու խթանումը հանձնել է Կանխարգելիչ հնագիտական հետազոտությունների ազգային ինստիտուտին (Inrap):