Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների բյուջետային քննարկումների համատեղ նիստում ասել է, որ 2024 թվականի բյուջեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համար նույնն է, ինչ 2023 թվականի բյուջեն, այսինքն՝ 25 միլիարդ դրամ: Միաժամանակ նախարարը խոստովանել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տնտեսական աճի տեմպերը ընկել են:
«2022-ին, 23-ին աճ ունեցել ենք ՏՏ ոլորտում: 2024-ի առաջին եռամսյակում տարբեր տվյալներ ունենք, որ աճի տեմպերը, ըստ էության, զգալիորեն դանդաղել են, և այս պահին աճի այն տեմպերը, որ ունեցել ենք նախորդ տարիների ընթացքում, միտում չունեն զարգանալու: Սա նաև բերել է մեզ նրան, որ մենք քննարկում ենք հավելյալ օրենսդրական աջակցության կամ ներդրումների միջոցով կրկին վերադարձնել այն աճի տեմպերը, որ նախորդ տարիներին գրանցել է բարձր տեխնոլոգիաների ոլորտը»,- ասել է նախարարը: