Էկոնոմիկայի նախարարությունը 2023 թվականի 5 ծրագրի շրջանակում իրականացրել է 25 միջոցառում: Պլանավորվել էր 64 մլրդ 784 մլն դրամ, փաստացի ծախսվել է 62 մլրդ 722 մլնդ դրամ՝ ապահովելով 96 տոկոս կատարողական: Նախորդ տարվա համեմատ գումարն աճել է 15 տոկոսով: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Բաբկեն Թունյանի և Ծովինար Վարդանյանի նախագահությամբ մայիսի 31-ին քննարկվել է «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը:
Մինչ հաշվետու ժամանակահատվածում իրականացված միջոցառումներին անդրադառնալը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է տեղեկատվություն 2023 թվականի մակրոտնտեսական վիճակի վերաբերյալ: Նրա խոսքով 2023 թվականի արդյունքներով ՀՆԱ-ն գերազանցել է 9,5 տրիլիոն դրամը: Աճը կազմել է 8,7 տոկոս: Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն Հայաստանում կազմել է 8,200 ԱՄՆ դոլար՝ ավելանալով ավելի քան 24 տոկոսով:
Զեկուցողի տեղեկացմամբ տնտեսական զարգացման ոլորտում 4 ծրագրից բխող 20 միջոցառման իրականացմանը հատկացվել է 19,2 մլրդ դրամ: Ճշտված պլանը կազմել է 16,8 մլրդ դրամ, փաստացի կատարողականը՝ 14,7 մլրդ դրամ կամ շուրջ 80 տոկոս:
Զբոսաշրջության ոլորտում 1 ծրագրով 5 միջոցառման իրականացման համար հատկացվել է 7,7 մլրդ դրամ, փաստացի կատարողականը կազմել է 97 տոկոս:
Էկոնոմիկայի ոլորտում պետական քաղաքականության մշակման, ծրագրերի համակարգման և մոնիտորինգի շրջանակում իրականացվել է 1 ծրագիր և 9 միջոցառում. փաստացի կատարողականը կազմել է 2,7 մլրդ դրամ:
Առևտրի համաշխարհային կազմակերպությունում և օտարերկրյա պետություններում ՀՀ առևտրային ներկայացուցիչների նպատակների և խնդիրների իրագործում միջոցառման հաստատված բյուջեն կազմել է 310,7 մլն դրամ, ճշտված բյուջեն՝ 62,5 մլնդ դրամ, իսկ կատարողականը՝ 60,6 մլն դրամ:
Տնտեսական հետազոտություններ և վերլուծություններ միջոցառման հաստատված բյուջեն կազմել է 27,4 մլն դրամ, կատարողականը՝ 25 մլն դրամ: Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ միջոցառման շրջանակում իրականացվել են ոլորտային, թեմատիկ հետազոտություններ, վերլուծություններ և գնահատումներ՝ արտահանման խթանման, գործարար և ներդրումային միջավայրի բարելավման հնարավորությունների և խոչընդոտների բացահայտման առումով:
Արտասահմանյան պաշտոնական գործուղումների միջոցառմանն ուղղվել է 14,5 մլն դրամ, կատարողականը նույնպես կազմել է 14,5 մլն դրամ:
Նախարարության կողմից իրականացվող «Պետական աջակցության ծրագրին՝ հանրային իրազեկման միջոցառումներ» ծրագրի կատարման ճշտված բյուջեն եղել է 137 մլն դրամ, կատարողականը կազմել է գրեթե նույնը:
Գևորգ Պապոյանը բարձրաձայնել է նաև 2023 թվականին նախարարության կողմից իրականացված այլ միջոցառումներ:
Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են կատարված ծախսերի արդյունավետությանը, զբոսաշրջության զարգացմանը, արտահանման խթանմանը, գենդերազգայուն բյուջետավորմանը, Տավուշի և Լոռու մարզերում աղետի հետևանքով գործարար միջավայրին աջակցության ծրագրերին: