ՀՀ ԱԳՆ շենքի մոտից բերման է ենթարկվել ակցիայի 16 մասնակից: Այս մասին 1Lurer.am-ին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից:
Ավելի վաղ ՀՀ ՆԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ հորդորելով ձեռնպահ մնալ ռեժիմի խախտման որևէ գործողությունից։
Հիշեցնենք՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը քայլերթով հասել է արտգործնախարարություն: Բագրատ Գալստանյանը հայտարարել է, որ արտգործնախարարության աշխատակիցները կամ նախարարը իջնեն և պատասխան տան իրենց հարցերին, ավելի ուշ 30 րոպե ժամանակ է տվել՝ նշելով, որ հակառակ դեպքում իրենք կբարձրանան վերև: Ոստիկանությունից հայտնել են, որ արտաքին քաղաքական գերատեսչությունը այս պահին հնարավոր չի համարում ակցիայի մասնակիցներին ընդունելը, հորդորել բախման չգնալ՝ ասելով, որ այդ դեպքում կկիրառվեն հասարակական կարգը պահելու համար օրենքով սահմանված միջոցներ։
«Հատուկ պահպանվող տարածք է, կգնանք հատուկ պահպանվողներին տեսնելու»,- ասել է Գալստանյանը ու փորձել ոստիկանական պատը ճեղքելով առաջ գնալ:
Ակցիայի մասնակիցները սկսել են սուլել, գունավոր ծուխ արձակել ու շշեր նետել ոստիկանների ուղղությամբ: Բախում է սկսվել, ոստիկանները ակցիայի մասնակիցներին թույլ չեն տվել գնալ դեպի նախարարության շենք: Այս պահին ակցիայի մասնակիցները Բագրատ Գալստանյանի առաջնորդությամբ երթով շարժվում են դեպի Սուրբ Աննա եկեղեցու բակ: