Ունենալու ենք աջակցության ծրագրեր Լոռու ու Տավուշի մարզերի այն բիզնեսների համար, որոնք տուժել են հեղեղումներից: Ակնհայտորեն, և՛ գյուղատնտեսության, և՛ գործարար միջավայրի մասով կունենանք այդպիսի աջակցության ծրագրեր: Դա աղետ է, և մենք մեր քաղաքացիներին միայնակ չենք թողնելու աղետի դիմաց: Այս մասին 2023 թվականի պետբյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկմանը հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Ինչ վերաբերում է հեղեղումներից տուժած երկաթգծին, դրա պատճառած տնտեսական վնասներին՝ նշեց՝ այստեղ խնդիր ունենք:
«Որովհետև Հայաստան եկող բենզինն ու դիզվառելիքը գալիս են երկաթուղու միջոցով: Մենք ժամանակավոր լուծում ենք գտել: Այրում կայարանի հարևանությամբ մի կամուրջ կա, բենզինը և դիզվառելիքը կգան մինչև այդ կամուրջ: Դրանից հետո է վնասված երկաթուղին: Այդտեղ պետք է բեռնաթափվեն: Նմուշառումն ու լաբորատոր ստուգումը տեղում կկազմակերպվեն: Դրանից հետո արդեն վառելիքը բեռնատար մեքենաներով կտեղափոխվի համապատասխան վայրեր»,- պարզաբանեց նախարարը:
Պապոյանը տեղեկացրեց՝ հանդիպել է Հայաստան վառելիք ներմուծող բոլոր ընկերությունների հետ, քննարկել ու եկել են այս լուծումներին:
«Իհարկե, ունենք լոգիստիկ խնդիրներ, ծախսի ավելացումներ, սակայն ֆունդամենտալ առումով խնդիր չունենք ու չենք ունենա:
Ուզում եմ այս մեսիջը տալ մեր բիզնեսին՝ Հայաստանում բենզին, դիզվառելիք եղել է, կա և կլինի»,- հավաստիացրեց Պապոյանը: