Բյուջեի հավաքագրումների մասով իրապես եթե դիտարկենք պետական բյուջեի օրենքով սահմանված եկամտային ցուցանիշները, կան հարկային խնդիրներ, այդ խնդիրները, բնականաբար, ամեն ամսվա ամփոփումից հետո վերլուծվում են, և որոշակի հաշվարկներ են կատարվում ռիսկերի մասին: Այս մասին Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին, որը վերաբերում էր 2024 թվականի բյուջեի հավաքագրումներին:
«Ես հիմա թվեր, ձեր թույլտվությամբ, չհնչեցնեմ, որովհետև այս տարի բավական տարատեսակ ազդեցությունների ներքո այդ թվերը հաճախ փոխվում են և շատ արագ: Խնդիրը, իմ կարծիքով, այն է, որ տնտեսության կառուցվածքում տեղի են ունեցել այնպիսի փոփոխություններ, որոնք նպաստել են ոչ հարկունակ ոլորտների շեշտակի ավելացմանը, և նվազել է հարկունակ ոլորտների պոտենցիալը: Հիմնական խնդիրը դա եմ դիտարկում»,- ասաց Բադասյանը:
Նրա խոսքով՝ այդպիսին է շինարարության ոլորտը, որը հարկունակ ոլորտ է, սակայն տվյալ տարում չի բերում հարկային եկամուտներ:
«Շինարարության ոլորտը ստաբիլ աճում է և իր պիկին հասել է 2022-2023 թվականներին, բայց քանի որ շինարարության ոլորտում հարկը հավաքագրվում է բնակարանների վաճառքից, իսկ դրանց վաճառքը շինարարությունը սկսելու պահից անցնում է մեկուկես-երկու, երեք տարի անգամ, և ԱԱՀ-ն այդ անվանական աճից մենք հավաքում ենք ավելի ուշ: Այսինքն՝ անցած տարի կամ այս տարի մենք շինարարությունից հավաքում ենք 2018, 2019, 2020, 2021 թվականների անվանական աճի ԱԱՀ-ի կրեդիտները, բայց այս վերջին տարիների անվանական աճը ճնշում է մեր ԱԱՀ-ի դեբետների ավելացումը, և, բնականաբար, ԱԱՀ-ի վերադարձը: Օրինակ՝ անցած տարի 45 մլրդ ենք շինարարության ոլորտում վերադարձրել ոլորտի ներկայացուցիչներին, այս տարվա առաջին եռամսյակում արդեն 14 մլրդ դրամ ենք վերադարձրել: Այսինքն՝ այս միտումը շարունակվում է: Բնակաբանար, ոսկու մասին է շատ խոսվում, դրա ոչ հարկունակ լինելու, այսինքն՝ այս փոփոխություններն են, որ հընթացս բերում են ճշգրտումների»,- հայտնեց ՊԵԿ նախագահը:
Նրա խոսքով՝ պետք է տարին ամփոփվի, ինչ-որ մի ժամանակահատված ամփոփվի, դուրս հանվեն դրա անվանական աճը, դրա հարկունակությունն ու ոչ հարկունակությունը, այնուհետև գնահատենք ստվերը: