ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 30-ին ներկա է եղել Տեխնոլոգիական կրթության հիմնադրամի պաշտոնական մեկնարկի արարողությանը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
Շնորհավորելով հիմնադրամի մեկնարկի առիթով՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ այսօր նոր կրթական դարաշրջանի նախաշեմին ենք, երբ տեխնոլոգիական կրթությունը դառնում է առավել կարևոր և պահանջված: «Ավանդական հիմնարար կրթությանը զուգահեռ նաև ինովացիների, տեխնոլոգիական կրթության և արդյունաբերության շփման տեսանկյունից կրթական նոր նախաձեռնությունների մեծ պահանջարկ կա: Տեխնոլոգիական կրթության հիմնադրամի գործունեությունը հիմնավորապես այստեղ եմ տեսնում»,- փաստել է Հակոբ Արշակյանն ու խոսել հիմնարար կրթությանը զուգահեռ նորարարական կրթության կարևորության մասին:
«Ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում նկատվում է բաց, որը վերաբերում է նորարարարական արդյունաբերության և բուհական հիմնարար կրթության պահանջների ու տված գիտելիքների միջև ընկած տարածությանը: Այդ բացը գալիս են լրացնելու հատկապես ոչ ֆորմալ կրթության, նորարարական գիտելիքների վերապատրաստումների համար նախատեսված նմանատիպ կառույցները: Այս առումով բարձր եմ գնահատում հիմնադրամի այս նախաձեռնությունը և գործադրած ջանքերը»,- ընդգծել է ԱԺ նախագահի տեղակալը:
Ավարտելով խոսքը՝ Հակոբ Արշակյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանում և ամբողջ աշխարհում արդյունաբերության, նորարարության և հիմնարար գիտելիքների միջև առկա անջրպետը կարող է լրացվել նման նախագծերով:
Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, գործադիրի ներկայացուցիչներ ու ոլորտի շահառուներ:
Միջոցառման ընթացքում ներկայացվել են հիմնադրամի գործունեությունը, իրականացված աշխատանքը և հետագա ծրագրերը: