ԱՄՆ-ը Ուկրաինային թույլ կտա օգտագործել իրեն փոխանցված հակաօդային պաշտպանության համակարգերը, այդ թվում՝ Patriot զենիթահրթիռայինը՝ ոչնչացնելու հրթիռներն ու կործանիչները Ռուսաստանի տարածքում, եթե դրանք վտանգ են ներկայացնում Ուկրաինայի համար։ Այդ մասին մայիսի 29-ին հայտնել է ամերիկյան The Washington Post (WP) թերթը՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի աղբյուրին։
Միևնույն ժամանակ Վաշինգտոնը, ըստ պարբերականի, անհանգստացած է Կիևի հարձակումներով ռուսական ռադիոտեղորոշիչ կայանների վրա, որոնք միջուկային հրթիռների արձակման նախազգուշացման համակարգի մաս են կազմում։ Խոսքը մայիսի 23-ին և 26-ին անօդաչու թռչող սարքերի հարձակումների մասին է Կրասնոդարի երկրամասի Արմավիրի և Օրենբուրգի մարզի Օրսկի մոտ տեղակայված ռադիոլոկացիոն կայանների վրա։ Այդ հարվածների պատասխանատվությունը կրում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը, գրում է WP-ն։
Սպիտակ տունը մտավախություն ունի, որ այդ կայանների վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակումները կարող են ապակայունացնող ազդեցություն ունենալ, քանի որ այդ օբյեկտները ներգրավված չեն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմում, և դրանց վրա հարձակումը կարող է «վնասել Վաշինգտոնի և Մոսկվայի միջև ռազմավարական կայունությանը»,- պարզաբանել են աղբյուրները: