Մայիսի 30-ին՝ Փարիզում ընթացող ամենամյա Philex ֆիլատելիստական ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողության ժամանակ, մարվել է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված՝ «ՀայՓոստի» թողարկած մեկ նամականիշով գեղաթերթիկը և Ֆրանսիայի ազգային փոստային օպերատոր La Poste-ի թողարկած նամականիշը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԲՏԱ նախարարությունից:
500 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի հիմքում Շառլ Ազնավուրի լուսանկարն է, որի հեղինակը նրա որդին է՝ Նիկոլա Ազնավուրը:
Նամականիշի վրա տեղադրված է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի լոգոտիպը, քանի որ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ. օրացույցում: Գեղաթերթիկի աջ հատվածում պատկերված է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված լոգոտիպը: Գեղաթերթիկը և նամականիշը թողարկվել են «Ազնավուր» հիմնադրամի հետ համագործակցությամբ: