Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2023 թվականին ունեցել է 1 ծրագիր և 5 միջոցառում: Ունեցել է 612 մլն դրամի պլանավորված միջոցներ, ճշտված պլանով գումարը նվազեցվել է 603 մլն դրամի, և փաստացի ծախսվել 557 մլն դրամ: Կատարողականը ճշտված բյուջեի նկատմամբ կազմում է 92,3 տոկոս: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների` մայիսի 30-ի համատեղ նիստում: Օրակարգում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմի` «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումն էր:
Ըստ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի` հիմնական միջոցառումը Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ծառայությունների մատուցումն է, որը ֆինանսավորվել է պետական բյուջեի միջոցներով:
«2023 թվականի մեր պլանային ցուցանիշներն այս ծրագրի շրջանակում հիմնականում գերակատարվել են»,- արձանագրել է Անահիտ Մանասյանը:
2023 թվականին իրականացվել է շուրջ 513 այց, դիմումների թիվը՝ 15,889, որն աճել է նախորդ տարվա համեմատ: Դրական լուծված գործերի թիվը կազմել է 1922:
ՀՀ ՄԻՊ պատմության մեջ առաջին անգամ Անահիտ Մանասյանն ընտրվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների Եվրոպական ցանցի կառավարման խորհրդի անդամ:
Անդրադառնալով ՄԻՊ աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստման ծրագրերին` հիմնական զեկուցողն արձանագրել է, որ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ կարողացել են իրականացնել աշխատակազմի կարողությունների բարելավմանը, զարգացմանն ուղղված միջոցառումներ:
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է «Երեխաների և երիտասարդների ու պաշտպանության բարելավմանը և մասնակցության խթանման» ծրագրի իրականացումը` ընդգծելով, որ գործում է նաև երեխաների և երիտասարդների հարցերով ՄԻՊ առընթեր հասարակական խորհուրդը:
Խոսելով միջազգային ֆինանսավորմամբ իրականացված «Գենդերային հավասարության խթանում Հայաստանի իրավապահ համակարգում միջոցառման» մասին՝ Անահիտ Մանասյանը շեշտել է, որ մի քանի կարևոր միջոցառումներ են իրականացվել հատկապես իրավական համակարգում կանանց ներգրավվածության տեսանկյունից:
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը տեղեկացրել է, որ ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցել համատեղ նիստի քննարկմանը:
Անահիտ Մանասյանը պատասխանել է պատգամավորների հարցերին` անդրադառնալով խտրական, ատելության խոսքի բացառմանը, ատելության խոսքի դեմ պայքարի մեխանիզմներին, երեխաների խնամակալության խնդիրներին, որդեգրման ինստիտուտին, հանրակրթական ուսումնական հաստատություններում բուլինգի դեմ պայքարին: