Ինչո՞ւ է մեզ մոտ այդքան ընդունված ընտանիքի անդամների թիրախավորումը, որովհետև դա բխում է մեր հանրային միջավայրից, որովհետև մենք շատ ենք կարևորում մարդկանց անձնական կյանքը: Այդ մասին 2023 թվականի պետբյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տիգրան Պարսիլյանի դիտարկմանը, թե հանրային գործիչների երեխաների թիրախավորումը վերածվել է ընտանիքի անդամների թիրախավորման, իսկ վերջին շրջանում նաև ոստիկանության ծառայողների ու նրանց ընտանիքի անդամների մասով են թիրախավորումներ լինում:
«Տարբեր ծառայություն իրականացնող անձանց թիրախավորումը (նաև նրանց ընտանիքի անդամների անձնական տվյալների փոխանցման կամ այլ միջոցներով), իրոք, խնդրահարույց է:
Երբ խոսում ենք այն մասին, որ սա խնդրահարույց է, իրականում չենք խոսում այն մասին, որ մենք արդարացնում ենք, օրինակ, այն դեպքերը, որ ոստիկանության ծառայողը կարող է անհամաչափ ուժ կիրառել, կամ անհամաչափ վերաբերմունքի դրսևորում ցուցաբերել, որովհետև մենք ունենք նաև նման դեպքեր: Այսինքն՝ նաև հանրային ընկալումը պետք է պատշաճ լինի:
Այո՛, դատապարտելի են թե՛ վատ վերաբերմունքի տարբեր դրսևորումները ոստիկանության ծառայողների կողմից, թե՛ անհամաչափ ուժի կիրառումը, թե՛ նաև էթիկայի կանոնների չպահպանումը, բայց դա չի նշանակում դրան հաջորդող ոչ իրավաչափ վարքագծի դրսևորում այդ անձանց նկատմամբ»,- ասաց նա: