Երեխաների իրավունքների պաշտպանությունը առաջին հերթին պետք է երեխայի լավագույն շահի համատեքստում իրականացվի, և կարևոր չէ՝ երեխան ում երեխան : Բայց սրա հետ մեկտեղ՝ ամբողջ աշխարհում քաղաքական գործիչների ընտանիքի անդամները սովորաբար միշտ էլ թիրախավորվում են, սակայն կախված հասարակությունից ու հասարակությունում առկա ընդհանուր մոդելներից, տարատեսակ մեթոդներից, այդ թվում՝ քաղաքական պայքարի, բնականաբար, այս երևույթները կարող են տարբեր կերպ դրսևորվել:
Այդ մասին Ազգային ժողովում 2023 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հարցին:
Վերջինս հետաքրքրվում էր՝ արդյոք ունե՞նք օրենսդրական համապատասխան պաշտպանություն, որ օրենքի ամբողջ խստությամբ պատժվեն նրանք, որոնք թիրախավորում են երեխաներին՝ անկախ այն բանից՝ երեխան ընդդիմադի՞ր, թե՞ իշխանամետ գործչի երեխա է:
«Ես կարծում եմ, որ ՀՀ-ում մենք ընդհանրապես լուրջ խնդիրներ ունենք այդ ապրումակցող, կարեկցող միջավայրի տեսանկյունից՝ երեխաների համար հատկապես: Այսօր, ցավոք, հրապարակային ամբողջ խոսույթը համեմված է այնպիսի արտահայտություններով և տեքստերով, որոնք ընդհանրապես չեն ընդգրկվում խոսքի ազատության, իրավունքի պաշտպանվող հատվածի համատեքստում, որովհետև դրանք շատ են պարունակում ատելություն, վիրավորանք պարունակող խոսք»,- ասաց Մանասյանը: