Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է հանրապետությունում մարդու իրավունքների ոլորտի մասին ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցչի հայտարարությանը: Պետեր Ստանոն, նախօրեին նշել էր, որ օրերս Իլհամ Ալիևը 154 բանտարկյալի ներում շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել, սակայն այդ ցանկում չեն ներառվել իրենց հիմնարար իրավունքներն իրականացնելու համար դատապարտված անձինք։
Եվրոպացի պաշտոնյան մտահոգություն էր հայտնել, որ Ադրբեջանում վերջին ամիսներին աճել է քաղաքական դրդապատճառներով անկախ լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքական ակտիվիստների ձերբակալությունների թիվը: ԵՄ-ն կոչ է անում Բաքվին պայմաններ ստեղծել ազատ քաղաքացիական հասարակության գործունեության համար:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կողմնակալ, իրականությունից կտրված և կեղծ է որակել Ստանոյի հայտարարությունը: ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն պնդել է՝ նշված անձինք մեղադրվում են ապօրինի ֆինանսական գործարքների համար, կոչ արել Բրյուսելին չմիջամտել երկրի ներքին գործերին և սպասել հետաքննության ավարտին:
«Բաքուն խորհուրդների և ուղղորդումների կարիք չունի։ Փոխարենը կոչ ենք անում ԵՄ որոշ կառույցների ուշադրություն դարձնել միության տարածքում մարդու իրավունքների կոպիտ խախտումներին»,- նշել է պաշտոնյան, հորդորել դադարեցնել Ադրբեջանի դեմ սադրանքները: