ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը Կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց երկակի և ռազմական նշանակության կոդերով ապրանքների հետ կապված մաքսային ընթացակարգերի պարզեցման վիճակագրություն:
«Մենք ունենք երկակի և ռազմական նշանակության կոդերով ապրանքներ. որպեսզի կողմնորոշվենք, թե մաքսազերծման պրոցեսում թույլատվական փաստաթուղթ անհրաժեշտ է թե չէ, կան 2 տարբեր հավատարմագրման մարմիններ, հիմնականում 2-ը, որոնք որոշակի վճարի դիմաց տալիս են, թե թույլատվական փաստաթղթի համար այդ ապրանքի համար անհրաժե՞շտ է դիմել համապատասխան մարմին, թե՞ ոչ: Ռազմական նշանակության ապրանքների դեպքում այդ վճարի չափը 12 հազար դրամ է, իսկ երկակիի դեպքում՝ 60 հազար դրամ:
Մենք տեսել ենք, որ ակնհայտորեն պրակտիկա է ձևավորվել, և ակնհայտ է, որ մի շարք դեպքերում նման անհրաժեշտութուն չկա 2-3 օրով ներմուծման պրոցեսը երկարացնելու, որպեսզի դիմեն այդ մարմիններին և ստանան վճարի դիմաց այդ փաստաթղթերը, և մաքսային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներից մեկի մոտ ավելացրել ենք գործառույթ, որ մենք ինքներս գնահատենք, և այն դեպքում, երբ անհրաժեշտ չէ նմանատիպ փաստաթուղթ, այլևս չուղղորդենք դեպի հավատարմագրման մարմիններ: Եվ մեկ ամսվա վիճակագրությունն այն մասով հետևյալն է. երկուսից չորս աշխատանքային օրով մաքսազերծման պրոցեսն ենք կրճատել և տնտեսվարողների համար ընդամենը մեկ ամսում խնայել ենք 13 մլն դրամի լրացուցիչ պարտավորություններ»,- նշեց Ռուստամ Բադասյանը: