Ունենք մեկ ծրագիր և հինգ միջոցառում, և հիմնական ծախսերը վերաբերում են մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ֆինանսավորմանը: Պլանավորված միջոցներ ենք ունեցել 612 մլն դրամի, ճշտված պլանով նվազեցվել է գումարը 603 միլիոն դրամի, փաստացի ծախսվել է 557 մլն դրամ, և կատարողականը ճշտված բյուջեի նկատմամբ կազմում է 92,3 տոկոս:
Այդ մասին «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի 2023 թվականի բյուջեի կատարման վերաբերյալ ֆինանսական ցուցանիշները:
ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը իր զեկույցով անդրադարձավ բովանդակային հարցերի, նշեց՝ իրականում ՄԻՊ-ի բյուջեն այնքան էլ մեծ չէ՝ ի տարբերություն շատ այլ պետական մարմինների:
«Ունեցել ենք 513 այց, այդ թվում՝ մոնիթորինգային: Դիմումների թիվը, 2022-ի համեմատ, 2023-ին աճել է. ունեցել ենք 15 889 դիմում: Շատացել է դրական լուծված գործերի թիվը. 2022-ին ունեցել ենք դրական լուծում ստացած 1282 գործ, մինչդեռ 2023-ին թիվը հասել է 1922-ի»,- նշեց Մանասյանը՝ ընդգծելով՝ շատ ակտիվ են եղել միջազգային համագործակցության դիտանկյունից:
Ինչ վերաբերում է գործուղումներին, նշեց՝ նախորդ տարի ընդամենը երկու գործուղում է ունեցել պետբյուջեի միջոցների հաշվին:
Միջազգային ֆինանսավորման շրջանակում իրականացվել է «Գենդերային հավասարության խթանումը Հայաստանի իրավապահ համակարգում» միջոցառումը, իրավապահ համակարգում կանանց ներգրավվածության առումով ևս ծրագրեր իրականացվել են: