Լոռու մարզի Տաշիր, Փամբակ համայնքներում` իրենց տարբեր բնակավայրերով, Ալավերդի խոշորացված համայնքում, Տավուշի Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան համայնքների տարբեր բնակավայրերում մի շարք ավերածություններ կան: Այդ մասին Կառավարության նիստին ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
«Մասնավորապես՝ ամենամեծ ավերածությունը դիտվել է Ալավերդու Սանահին թաղամասում. ունենք բազմաթիվ ջրածածկ տարածքներ, շենքեր-շինություններ, և դրանից դեպի գետի հունով ներքև արդեն ամենամեծ վնասված բնակավայրը Քարկոփն է. ամբողջ գյուղը ջրածածկ է, ամբողջ գյուղը տարհանված է: Միայն երեկ էր հնարավոր, որ փրկարարները սկսեին աշխատել: Երեկ մոտ 30 փրկարար է աշխատել, այսօր մոտ հարյուրը կաշխատի: Աշխատում են փրկարարները՝ համայնքային ծառայողների և բնակիչների հետ: Գյուղը հիմնականում մեկուկես մետր և ավելի ջրածածկ է»,- ասաց Սանոսյանը՝ նշելով, որ շատ մեծ վնասներ կան դրանից հարավ՝ դեպի Այրում, երկաթգծի տարբեր կայարաններում և դեպի Բագրատաշեն գետի հունով՝ այգիներում, շինություններում, հասարակական տարբեր օբյեկտներում:
«Վնասների մի մասը դեռ տեսանելի չէ, որոշ մասն էլ դեռ ջրածածկ է: Ընդհանուր առմամբ երևի սա է պատկերը. փորձել ենք արագ հասկանալ առաջնային կարիքները: Տարբեր ուղղություններով ճանապարհներ են վերականգնվել, ակտիվ աշխատանքի ընթացքում կարողացել ենք փրկել մի շարք ճանապարհները քանդվելուց, և դրա արդյունքն է, որ կարողացանք Մ4 ճանապարհը՝ թեկուզ վնասված և միակողմանի, 5 հատվածում պահել երթևեկելի: Այդպիսին է նաև Մ6-ը. 43 հատված է վնասված: Մի շարք հատվածներ վերականգնվել են, գոնե շինարարների էլեկտրահաղորդման, գազամատակարարման, ջրամատակարարման մասնագետների և բնակավայրերն ապրանքներով ապահովելու համար դարձրել ենք երթևեկելի»,- նշեց նախարարը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետարքրքվեց, թե արդյոք տարհանված բնակչությունն ապահովվա՞ծ է խմելու ջրով և սննդով:
«Այո, բոլորն ապահովված են: Տարհանված 443 բնակիչներից միայն 44-ն է հյուրանոցներում: Մյուսները նախընտրել են ծանոթների, բարեկամների մոտ լինել, բայց բոլորի հետ կապ կա. մատակարարումներ տեղի են ունենում: Օրվա ընթացքում մարդիկ հիմնականում վերադառնում են իրենց ջրալցված տարածքներ, փորձում են որոշակի մաքրման աշխատանքներ անել: Բոլորի մասին գիտենք, կարիքները իրենք նշում են, մենք էլ ապահովում ենք»,- ասաց Գնել Սանոսյանը: