Միջազգային գործընկերներից ստացել ենք պատրաստակամության ուղերձներ՝ աջակցություն ցուցաբերելու: Կարծում եմ՝ հատկապես կամրջաշինության ոլորտում պետք է խնդրենք գործընկերներին, որ կոնկրետ աջակցություն ցուցաբերեն: Այդ մասին Կառավարության՝ մայիսի 30-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Տավուշի և Լուռու մարզերում տեղի ունեցած հեղեղումներին:
Կան մի շարք միջազգային մեխանիզմներ, որոնք կարող են գործարկվել այսպիսի հանգամանքներում, և կան միջազգային գործընկերներ, որոնք այս կամ այն հարցում աջակցելու պատրաստակամություն են հայտնել, և մոդուլյար, ժամանակավոր կամուրջների հարցում կարող են մեզ օգնել՝ արձագանքեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Մենք հիմա հետևյալ փուլում ենք. պետք է առավելագույնս արագ հստակեցնել, թե կոնկրետ ինչ ենք ակնկալում միջազգային գործընկերներից, և այստեղ մեծապես հույսներս դնում ենք ՏԿԵՆ-ի վրա: Այն պահին, երբ ամբողջական հստակ քանակների և տեսակների անվանումներ ունենանք, կարող ենք կոնկրետ արդեն դիմել»,- ասաց նախարարը:
Եթե կոնկրետ առաջարկություն է արվում աջակցության, պետք է շեշտը դնել կամուրջների կառուցման վրա, նկատեց Փաշինյանը:
«Կա մոդուլյար կարճաժամկետ, բայց նաև կապիտալ ներդրման տրամաբանությամբ. պետք է ստանդարտներին համապատասխան կամուրջներ կառուցենք,- ասաց նա և այս համատեքստում կարևորեց նաև կամուրջների կառուցման որակը:- Սանահինի կամրջին ոչ մի բան չի եղել: 7-րդ դարի կամուրջ է, չէ՞: Ինչո՞ւ ոչինչ չի եղել. որովհետև բարձր է այդ կամուրջը, և հիմքերը դրված են երկու մեծ ապառաժի վրա»: