Ջրային ենթակառուցվածքներում լուրջ վնասներ ունենք՝ ջրագծեր, պոմպակայաններ և այլ ենթակառուցվածքներ, որոնց մի մասը դեռ ջրածածկ է, և ընդհանուր վնասների չափը գնահատել հնարավոր չէ: Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
«Այս վնասների հետևանքներով մի շարք բնակավայրեր ջրամատակարարումից զրկվել են, որոշ տեղերում նաև ստիպված են եղել մատակարարումը դադարեցնել, որպեսզի ջրի որակի հետ կապված խնդիրներ չառաջանան: Դիլիջան քաղաքում մասնակի է վերականգնվել: Գլխավոր խնդիրը հիմա, որ ջրի հետ կապված ունենք, Ախթալա բնակավայրն է, որտեղ մենք ջրատար մեքենայով ենք ջուրը տեղափոխում, կամ 5 կամ 6 լիտրանոց տարաներով»,- նշեց Գնել Սանոսյանը:
Նախարարը տեղեկացրեց, որ էներգետիկ համակարգում շուրջ 17 հազար բաժանորդ այդ վնասների հետևանքով հոսանքազրկվել է: «Աշխատանքներ են իրականացվել, հիմա նրանցից միայն 600-ն է, որ դեռ հոսանքազրկված է: Սա հիմնականում Ալավերդու Սանահին թաղամասն է: Մյուսները հիմնականում վերականգնվել են»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է գազամատակարարման հետ կապված խնդիրներին, Սանոսյանն ասաց. «Գազի մասով 19 հազար է, նրանցից 18 600-ինը վերականգնվել է»: