Ճանապարհների մասով հիմնական մեծ վնասներ են կրել Մ4 և Մ6 միջպետական ճանապարհները: Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
«Մ4 ճանապարհն ունի 10 վնասված հատված, որոնցից հատկապես 5-ը բավական խոշոր են. Դիլիջանից Իջևան հատվածում է հիմնականում: Մ6 ճանապարհը 43 հատվածով է վնասված: 43-ից 5-ում ճանապարհից ոչինչ չկար. ամբողջ հատվածը վնասվել էր: Այդ 5 հատվածից 4-ը վերականգնել ենք, 5-րդի ուղղությամբ նոր աշխատանքներ են տարվում: Ճանապարհը նաև ջրածածկ էր Նոյեմբերյանից դեպի Բագրատաշեն հատվածում, ինչի հետևանքով 1 օր մաքսակետը չաշխատեց. հետագայում ջրի մակարդակը նվազեց, ճանապարհը կարողացանք մաքրել. հիմա Մ6-ի այդ հատվածն անցանելի է, մնացած հատվածը Վանաձորից դեպի Ալավերդի և դեպի Այրում երթևեկության համար փակ է»,- ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է կամուրջներին, ապա, նրա խոսքով, մոտ 20 կամուրջ կա վնասված. համայնքային, տեղական տարբեր նշանակության, նաև հետիոտնային կամուրջներ:
«Սրանց մեջ խոշոր են Սանահին թաղամասի կամուրջը, Ախթալայի կամուրջը, Այրումի կամուրջը, Քարկոփի կամուրջը և Խաշթառակի կամուրջը, նաև Շնողինը: Հատկապես Ախթալայի և Քարկոփի կամուրջների վնասման հետևանքով 7 բնակավայր Ալավերդի քաղաքի հետ կապ չունեն, և հիմա այնտեղի մատակարարումներն իրականացվում են լեռնային անտառապատ ճանապարհով, որը բարեկարգում ենք»,- նշեց Գնել Սանոսյանը: