Երեկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում շփումներ է ունեցել ռուսաստանցի գործընկերների հետ, մասնավորապես՝ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության հետ, և ռուսաստանցի գործընկերները հավաստիացրել են, որ հնարավոր ամենասեղմ ժամկետներում երկաթուղին կվերականգնվի: Այդ մասին Կառավարության՝ մայիսի 30-ի նիստին տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հավելեց՝ Մհեր Գրիգորյանը երեկ Մոսկվայից իր հետ էլ է խոսել, ասել՝ ինչ լուծումներ են գտել:
«Մենք ակտիվ աշխատում ենք գործընկերների հետ և հետևյալ լուծումն ենք գտել. հաշվի առնելով, որ Այրում կայարանից դեպի Ալավերդի բավականին ժամանակ կպահանջվի վերականգնելու համար, բեռները կտեղափոխենք մինչև Այրում կայարան: Այրում կայարանի հարակից հատվածում կա մի կամուրջ, որը նախկինում պահածոների գործարանի մատակարարման համար է եղել, և երկար ժամանակ չի աշխատում, հիմա այդ երկաթգծային կամուրջը վերափոխում, դարձնում ենք կամուրջ, որի վրայով կարող են բեռնատարներ անցնել: Առաջիկա 2-3 օրերում կավարտենք, և այդ կամուրջը կծառայի, որպեսզի բեռնատարներն անցնեն գետով այն կողմ, Այրում կայարանից բարձեն տարբեր տեսակի բեռներ, այդ թվում՝ վառելիք, և մատակարարեն հանրապետությունով մեկ»,- ասաց նա:
Ըստ նախարարի՝ այս սխեման կաշխատի առաջիկա օրերին, քանի որ հեղեղումների պատճառով երկաթուղին ոչ միայն Հայաստանում է վնասվել:
«Վրաստանում էլ է երկաթուղին վնասված: Նախկինում կարծում էին, որ 2-3 օրում կավարտեն, բայց մի շարք հատվածներ նորից վնասվել է:
Երեկ Վրաստանի փոխվարչապետի հետ եմ խոսել: Երեքշաբթի նախանշված է, որ կավարտեն: Մինչև այդ մենք կունենաք մեր կողմում արդեն կամրջի վերափոխում, և կկարողանա երկաթուղին աշխատել մինչև Այրում կայարան»,- ասաց նախարարը
Նշենք, որ Հայաստանի հատվածում ամենամեծ վնասը կրել է Այրում կայարանը: