ԱՄՆ վարչակազմում շարունակվում են քննարկումները Ուկրաինայից Ռուսաստանի տարածքում գտնվող օբյեկտներին ամերիկյան զենքով հարվածներ հասցնելու սահմանափակումները վերացնելու վերաբերյալ, նախագահ Ջո Բայդենը մոտ է այդ արգելքը հանելուն՝ գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
«Նա երկար ժամանակ «ընդդիմանում էր» Ուկրաինային ամերիկյան զենքով Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու թույլտվություն տրամադրելուն՝ մտավախություն ունենալով, որ դա կարող է վերաճել միջուկային զենք ունեցող հակառակորդի հետ ԱՄՆ-ի ուղղակի առճակատման։ Այժմ «Սպիտակ տունը սկսել է պաշտոնապես և արագ վերանայել հարցը»,- գրում է թերթը:
Սահմանափակումների վերացման հնարավորության մասին, պարբերականի գնահատմամբ, վկայում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը, որը նա արել էր նախօրեին Մոլդովա կատարած այցի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսում: Պետքարտուղարը հայտարարել էր, որ Սպիտակ տունը կարող է «հարմարեցնել» իր դիրքորոշումը: