Դեկտեմբերին Եվրոպական խորհուրդը որոշում է կայացրել Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրել այն ըմբռնումով, որ Վրաստանը կձեռնարկի համապատասխան քայլեր և անհրաժեշտ ժողովրդավարական բարեփոխումներ: Այս մասին
X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«Խորհրդարանի կողմից թափանցիկության մասին օրենքի ընդունումը հետքայլ է և ավելի է հեռացնում Վրաստանին ԵՄ-ին անդամակցելու ուղուց։
Վրացի ժողովուրդը հստակորեն ընտրել է ապագան ԵՄ-ում, և մենք կանենք հնարավորը՝ աջակցելու նրանց ձգտումներին»,- գրել է Միշելը։
Նա նշել է, որ Վրաստանի հարցը կներառվի Եվրոպական խորհրդի հաջորդ նստաշրջանի օրակարգում։
Հիշեցնենք՝ Վրաստանի խորհրդարանը 84 կողմ ձայներով շրջանցել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու վետոն:
Նշվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի հրապարակվելու հաջորդ օրը։ Վերջնականապես ուժի մեջ մտնելու համար օրենքը պետք է ստորագրի Վրաստանի նախագահը: Եթե նա հրաժարվի, օրենքը կստորագրի խորհրդարանի նախագահը։ Օրենքի գործողությունը կասեցնելու համար ընդդիմությունը կարող է դիմել Սահմանադրական դատարան: