Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պետության ղեկավար կմնա մինչև երկրում ռազմական դրության ավարտը՝ Սահմանադրության և մյուս օրենքների համաձայն, հայտարարել է Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը։ Այդպես նա արձագանքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքին, որն իրեն և Ուկրաինայի խորհրդարանն անվանել է «երկրի միակ օրինական իշխանությունը»։
Վլադիմիր Պուտինը Ուզբեկստան կատարած այցի ժամանակ մամուլի ասուլիսում ասել է, որ, «նախնական գնահատականով»՝ Ուկրաինայում «միակ օրինական իշխանությունը խորհրդարանն է և Ռադայի նախագահը»։ Պուտինը վկայակոչել է Ուկրաինայի Սահմանադրության 111-րդ հոդվածը, ըստ որի՝ ռազմական դրության պատճառով նախագահի ժամկետի ավարտից հետո, որի ընթացքում ընտրություն չի անցկացվում, գերագույն իշխանության լիազորությունները փոխանցվում են խորհրդարանի նախագահին:
Ըստ Ուկրաինայի օրենսդիրների՝ երկրում գործող օրենքներն ուղղակիորեն և միանշանակ արգելում են ռազմական դրության պայմաններում փոփոխություններ կատարել սահմանադրության մեջ, անցկացնել համաուկրաինական և տեղական հանրաքվեներ, ինչպես նաև ցանկացած նախագահի, խորհրդարանի կամ տեղական ընտրություն։
«Ուկրաինայի նախագահն իր լիազորություններն իրականացնում է այնքան ժամանակ, քանի դեռ երկրի նորընտիր նախագահը չի ստանձնել այդ պաշտոնը։ Ժողովրդավարական հասարակություններում դա կոչվում է իշխանության շարունակականություն»,- գրել է Ստեֆանչուկը Ֆեյսբուքում։