ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է՝ Հայաստանի Հանրապետությունը մշտապես ենթարկվում է հեղեղումների և ջրածածկումների, հետևաբար յուրաքանչյուր քաղաքացի պետք է տեղեկացված լինի հեղեղումների ժամանակ վարքականոններին՝ հեղեղումների ընթացքում և հեղեղումներից հետո, որովհետև ով իրազեկված է, նա պաշտպանված է։
Հեղեղումների ընթացքում
-
Եթե մարդիկ նկատում են, որ գետը վարարում է, և եթե տանն են, ապա շենքի նկուղային և առաջին հարկերից պետք է բարձրանան վերևի հարկեր։ Երկրորդածին երևույթներից խուսափելու նպատակով անջատում են գազ, ջուր, հոսանք և օգտագործում են միայն համապատասխան ծառայությունների ցուցումներից հետո։
-
Եթե մարդը գտնվում է դրսում, ապա պետք է բարձրանա ցանկացած բարձրության վրա՝ ավտոմեքենայի տանիք, ցածր կառույցների տանիք, և ինչ-որ ձևով հայտնի իր գտնվելու վայրի մասին՝ դա կլինի բղավոցով, ծուխ առաջացնելով կամ կրակ վառելով, լաթի կտոր թափ տալով։ Եվ պետք է իմանա, որ իրեն անպայման փնտրում են։
-
Վարար գետը ոչ մի դեպքում չպետք է մտնել, իսկ եթե խիստ անհրաժեշտ է, ապա հագնել ջրակայուն ռեզինից ճտքակոշիկներ և ունենալ ձեռնափայտ։
Հեղեղումներից հետո
-
Ոչ մի դեպքում ջրի մեջ հայտնված սննդամթերքը չի կարելի օգտագործել. այն այլևս պիտանի չէ։ Չի կարելի օգտագործել, որովհետև վարարած ջուրն իր հետ բերում է տարբեր վնասակար նյութեր։
-
Ջրի մեջ հայտնված կենցաղային իրերը, սպասքը, հագուստը անպայման պետք է ախտահանել և նոր միայն օգտագործել։
-
Ծորակի խմելու ջուրը օգտագործել միայն համապատասխան ծառայությունների ցուցումներից հետո. խորհուրդ է տրվում մի որոշ ժամանակ եռացնել, նոր օգտագործել։
-
Հեղեղումներից հետո եթե մարդիկ վերադառնում են իրենց տները, ապա պետք է տունը զննեն, որովհետև ջուրն իր հետ կարող է բերել վտանգավոր կենդանիներ՝ կարիճներ, օձեր։