Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 29-ին այցելել է «Լուսէ» վերականգնողական կենտրոն հիմնադրամ, որը սոցիալ-վերականգնողական ծառայություններ է մատուցում զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներին:
Պաշտպանը վերականգնողական կենտրոնի տնօրեն Գոհար Գալստյանի հետ շրջել է կենտրոնում, ծանոթացել անձնակազմի հետ, շենքային պայմաններին, մատուցվող ծառայություններին, ընթացիկ աշխատանքներին և հետագա ծրագրերին։
Անահիտ Մանասյանը զրուցել է նաև հաշմանդամություն ունեցող երեխաների ու նրանց ծնողների հետ, ընդգծել հասարակությունում առկա կարծրատիպերը փոխելու կարևորությունը՝ ներառական և համերաշխ միջավայր ապահովելու տեսանկյունից:
«Չափազանց կարևոր է յուրաքանչյուրի` հավասար հիմունքներով հասարակական կյանքում մասնակցությունն ու արդյունավետ սոցիալական ներառումը: Այս տեսանկյունից շատ կարևոր է, որ պետությունը գործուն միջոցներ ձեռնարկի՝ երաշխավորելու հաշմանդամություն ունեցող մարդկանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի անխոչընդոտ իրացումը։ Մեր հանրային ընկալման մեջ պետք է դադարենք երկրորդական դիտարկել նշված խնդիրները»,- ասել է Պաշտպանը:
Անահիտ Մանասյանը «Լուսէ վերականգնողական կենտրոն»-ին է փոխանցել նաև խորհրդանշական նվերներ, երեխաների համար նախատեսված խաղեր։
Պաշտպանը բարձր է գնահատել կատարվող աշխատանքները՝ պատրաստակամություն հայտնելով իր իրավասության շրջանակում աջակցել հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանությանը։