Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ժնևում մասնակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 77-րդ առողջապահական համաշխարհային վեհաժողովին:
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ ամենամյա վեհաժողովը ԱՀԿ որոշումներ կայացնող բարձրագույն մարմին է` անդամ պետությունների բարձրաստիճան պատվիրակությունների, դիտորդների, միջազգային կառույցների մասնակցությամբ:
Այս տարի այն ընթանում է «Բոլորը` հանուն առողջության, առողջություն` բոլորի համար» խորագրով:
Ներկայացնելով Հայաստանի վերափոխման ռազմավարությամբ և ՀՀ Կառավարության հնգամյա ծրագրով առողջապահության ոլորտում համակարգային բարեփոխումների ճանապարհային քարտեզը` Անահիտ Ավանեսյանը նշել է. «Անցած տարիների մարտահրավերները հստակ ցույց տվեցին առողջապահական կայուն համակարգի կառուցման և դրա առաջանցիկ զարգացման կարևորությունը։ Ձեռնամուխ ենք եղել առողջապահական համակարգի բարեփոխման հավակնոտ ճամփորդության, այդ թվում՝ առողջության առաջնային պահպանման օղակի հզորացման, որակի բարելավման և էլեկտրոնային առողջապահության ներդրմամբ՝ որպես առողջապահական համակարգի հիմք: Նպատակ ունենք ապահովելու մեր քաղաքացիների համար առողջապահական ծառայությունների հասանելիություն, մատչելիություն և ֆինանսական պաշտպանություն»:
Նախարարն անդրադարձել է նաև հակամանրէային կայունության տարածման նվազեցման, ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման և ռիսկի գործոնների նվազեցման, հոգեկան առողջության պահպանման աջակցությանն ուղղված աշխատանքներին` ԱՀԿ առաջնահերթություններին համահունչ:
Նա իր ելույթում ընդգծել է նաև անդամ երկրների միջև համերաշխության և հավաքական գործողությունների կարևորությունը` հնարավոր գլոբալ մարտահրավերներին դիմակայելու համար: