2023 թվականի համար Հաշվեքննիչ պալատն իրականացրել է 40 հաշվեքննություն 10 պետական մարմիններում: Ընդհանուր առմամբ, ծածկույթը կազմել է 1 տրիլիոն 237 միլիարդ դրամ կամ ծախսային մասի շուրջ 83,9 տոկոսը: Այդ մասին Ազգային ժողովում 2023 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման շրջանակում ասաց Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը:
Ըստ Հաշվեքննիչ պալատի նախագահի՝ տարեվերջի դրությամբ՝ ընդհանուր առմամբ 10 գերատեսչություններում արձանագրված անհամապատասխանությունների թիվը 134 է: Ինչո՞ւ է հաշվարկվում տարեվերջի դրությամբ, քանի որ տարվա ընթացքում եղել են անհամապատասխանություններ, որոնք շտկվել են, իսկ 134-ը վերաբերում են տարեվերջին մնացած անհամապատասխանություններին:
«Խեղաթյուրումների թիվը 14-ն է եղել՝ 5 պետական մարմիններում՝ ընդհանուր առմամբ 5,5 մլրդ դրամի չափով կամ հաշվեքննության ենթարկված գումարի 0,26 տոկոսի»,- ասաց Ջանջուղազյանը:
Նա նաև հայտնեց, որ Հաշվեքննիչ պալատը 2023 թվականի բյուջեի կատարման վերաբերյալ արտահայտում է դրական եզրահանգում: