Արևմուտքը միասնական չէ իր մատակարարած զենքով Ռուսաստանի ներսում հարված հասցնելու՝ Ուկրաինայի մտադրության հարցում:
Կիևին պետք է թույլ տրվի արևմտյան զենք օգտագործել, որպեսզի «չեզոքացնի» այն ռազմակայանները, որոնցից Ռուսաստանն իր հրթիռներն է արձակում Ուկրաինայի տարածքի ուղղությամբ: Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Միևնույն ժամանակ, Մակրոնն ընդգծել է, որ Ուկրաինային չպետք է թույլ տրվի խոցել «Ռուսաստանում այլ թիրախներ և, ակնհայտորեն, քաղաքացիական օբյեկտներ»:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նշել է, որ Ուկրաինան, միջազգային իրավունքի տեսանկյունից, ունի բոլոր հնարավորությունները այն ամենի համար, ինչ անում է։ «Քանի դեռ Ուկրաինան հարգում է զենք մատակարարող երկրների, ներառյալ՝ ԱՄՆ-ի, պայմանները և միջազգային իրավունքը, Կիևին թույլատրվում է պաշտպանվել»,- ասել է կանցլերը:
Ըստ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի՝ այս հարցում Միության ներսում կոնսենսուս չկա: Եվրամիության մի շարք երկրներ համաձայն են, մի մասն էլ՝ ոչ, վերացնելու այն սահմանափակումները, որոնք թույլ չեն տալիս Ուկրաինային արևմտյան զենքով թիրախավորել Ռուսաստանի ռազմական օբյեկտները:
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ճեպազրույցում պարզաբանել է, որ Միացյալ Նահանգները դեմ է Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախների վրա հարձակումների համար Ուկրաինային մատակարարվող զենքի կիրառմանը:
«Այս հարցում մեր քաղաքականության մեջ փոփոխություններ չկան: Մենք չենք խրախուսում ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանին հարվածելու համար զենքի օգտագործումը, և դա թույլ չենք տալիս»,- ընդգծել է նա։
Խնդրի շուրջ բանավեճը նոր ընթացք է ստացել մայիսի 24-ին, The Economist ամսագրի հետ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հարցազրույցից հետո, երբ Ենս Ստոլտենբերգն ասել է, որ դաշինքի անդամները պետք է թույլ տան, որ Ուկրաինան արևմտյան զենքով հարվածի Ռուսաստանի խորքերին: