Գիտեք, որ Կառավարությունը որոշում ընդունեց 300 մլն դրամ հատկացնել աղետի գոտում հրատապ խնդիրները լուծելու համար: Բնականաբար, սա ոչ մի կերպ չի կարող փակել այն վնասները, որոնք պատճառվել են, սակայն այս պահին ամբողջական գնահատումներ չունենք, թե ինչ է անհրաժեշտ, և ինչքան ժամանակ կպահանջվի վնասներն ամբողջությամբ վերականգնելու համար: Այդ մասին ԱԺ-ում 2023 թվականի պետբյուջեի կատարողականը քննարկելիս ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ արձագանքելով ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի հարցին՝ Լոռու և Տավուշի մարզերում աղետի մասով կա՞ն գնահատականներ, թե ինչպես է կառավարվելու այն ֆինանսական առումով:
«Մենք ունենք բավարար միջոցներ, որպեսզի այն խնդիրները, որոնք պետք է լուծենք հրատապ ռեժիմով, կարողանանք իրականացնել, այնուհետև պլամավորենք, թե այն ենթակառուցվածքները, որոնք վնասվել են, ի՞նչ ժամկետներում կարող են վերականգնվել, որովհետև, ցավոք, նույնիսկ միջոցների առկայությունը չի կարող արագ լուծել այն խնդիրները, որոնք կան: Հետևաբար, մենք կսպասենք, որպեսզի լինեն ավելի հստակ գնահատականներ, թե ինչ ժամկետներում ինչքան գումար կպահանջվի, այնուհետև կպլանավորենք, և ինչպես 2025-ի թվականի պետական բյուջեում, այնպես էլ 2024 թվականի համար անհրաժեշտ ծախսերը կիրականացվեն:
Միաժամանակ մենք աշխատում ենք մեր միջազգային գործընկերների հետ, որպեսզի ներգրավենք հավելյալ միջոցներ աղետից տուժած ենթակառուցվածքները և քաղաքացիներին հնարավորինս արագ, նորմալ բնականոն հուն վերադարձնելու համար»,- ասաց նախարարը:
Վահե Հովհաննիսյանը չբացառեց նաև պահուստային ֆոնդից վերաբաշխումներ կատարելու տարբերակը. «Իհարկե, մենք պահուստում ունենք անհրաժեշտ միջոցներ, որոնք այդտեղ են ֆիսկալ որոշակի ռիսկեր կառավարելու համար: Եթե այդ ռիսկերը նյութականանան, և այդ միջոցները որևէ ձևով բավարար չլինեն մեր խնդիրները լուծելու համար, ապա մենք վերաբաշխումների միջոցով, ըստ առաջնահերթության, կվերաբաշխենք, և այդ միջոցներն առաջնահերթ կերպով կհատկացնենք»:
Հակոբ Արշակյանն իր հերթին կարևոր արձանագրում համարեց այն, որ Կառավարությունն ի վիճակի է աղետի հետևանքների վերացման հարցում ռեսուրսներ տրամադրել, նաև գնահատելի համարեց Կառավարության կատարած աշխատանքն աղետի գոտում: