Երբ մենք խոսում էինք կապիտալ ծախսերի քրոնիկ թերակատարման մասին, կարող ենք արձանագրել, որ այդ թերակատարումը հաղթահարված է, որովհետև վերջին 3 տարիներին մենք ունենք բավականին բարձր կատարողականներ: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ՝ 2023 թվականի պետբյուջեի կատարողականը քննարկելիս, ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Եթե 2021 թվականին ունենք 92,5 [տոկոս կատարողական], 2022-ին՝ 94,9, այժմ այդ ցուցանիշը ևս բարելավել ենք և ունենք 95,8 տոկոս կատարողական: Այստեղ կարևոր է ոչ միայն կատարողականի տոկոսը, այլև բացարձակ թիվը: Մենք, ընդ որում, ունեցել ենք 105 մլրդ դրամ կապիտալ ծախսերի աճ»,- ասաց նախարարը:
Վահե Հովհաննիսյանը նաև պարզաբանեց՝ կապիտալ ծախսերի աճը պայմանավորված է պաշտպանության ապահովման, ճանապարհային ցանցի բարելավման, քաղաքային զարգացման, ոռոգման համակարգի առողջացման, դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման, ինչպես նաև Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանատան շենքի ձեռքբերման նպատակով կատարված ծախսերի աճով: Օրինակ՝ ճանապարհային ցանցի բարելավման նպատակով լրացուցիչ 24,4 մլրդ դրամի ծախս է արվել, Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանատան շենքի ձեռքբերման նպատակով՝ 8,5 մլրդ դրամի, քաղաքային զարգացման նպատակով՝ 8,6 մլրդ դրամի: