Կաթողիկոսը մոտեցել է պետական արարողակարգային միջոցառման վայր, ընդ որում՝ հրավեր չի ունեցել: Մենք էլ տեղեկություն չենք ունեցել, որ նա ակնկալում է հրավեր: Ոստիկանությունը պարզապես փորձել է ճշտել, թե արդյոք Կաթողիկոսը եկել է իր քաղաքական կողմնակիցների և իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնած խոչընդոտող և սադրող գործողությունները շարունակելո՞ւ, թե՞ այլ նպատակներով: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Կաթողիկոսի՝ Սարդարապատի հուշահամալիր մուտքը խոչընդոտելու վերաբերյալ լրագրողի հարցին:
«Երբ ստացել են հավաստիացումներ, որ այցն ունի միայն արարողակարգային նպատակ, ապահովվել է Կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիրի՝ պետական արարողակարգային միջոցառման տարածք»,- ասել է վարչապետը: