2023 թվականի հարկերի և տուրքերի գծով եկամուտները 2022 թվականի համեմատությամբ ավելի են 297 միլիարդ 600 միլիոն դրամով կամ 14,5 տոկոսով: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ՝ 2023 թվականի պետբյուջեի կատարողականը քննարկելիս, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ կարևոր է նաև այն ցուցանիշը, որ բյուջեի հարկային եկամուտները 2017 թվականի նկատմամբ ավելի են 1 տրիլիոն 63 միլիարդ դրամով կամ 92 տոկոսով:
«Այսինքն՝ մեր բյուջեի եկամուտները 2023-ին 2017 թվականի համեմատությամբ աճել են 92 տոկոսով»,- ասաց նա:
2023-ին եկամտային հարկի գծով քաղաքացիներին վերադարձվել է 68 միլիարդ 200 միլիոն դրամ, ինչը 2018 թվականի համեմատությամբ ավելի է 63 միլիարդ դրամով կամ 14,5 տոկոսով: Ըստ այդմ՝ 2017 թվականից ի վեր եկամտահարկի վերադարձի ծրագրով ՀՀ-ում բնակարան է ձեռք բերել 36.686 քաղաքացի:
«Աճը 2017 թվականի նկատմամբ՝ 1648 տոկոս: Սա այն դեպքն է, երբ ասում են՝ քաղաքացին պետական բյուջե հարկ վճարելիս չպետք է վերաբերվի այնպես, որ ուրիշին է փող տալիս, այլ իր մի գրպանից դնում է մյուս գրպանը: Սա հենց ադ դեպքի ամենաուղիղ արտահայտությունն է»,- ասաց նա: