Հիշո՞ւմ եք՝ խորհրդարանական ամբիոնից մի քանի անգամ հայտարարել եմ, որ եթե մենք 1-2 տարի կարողանանք ապահովել մեր պետության գոյությունը, մեր պետության գոյությունը կապահովենք երկարաժամկետ կտրվածքով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ՝ 2023 թվականի պետբյուջեի կատարողականը քննարկելիս, նշեց, որ այս տեսանկյունից 2023 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը ամենակարևոր արձանագրումն է:
«Հիմա մենք ինչի՞ ենք հասել 2023 թվականի պետական բյուջեի ծախսման արդյունքում: Մենք 2023 թվականի պետական բյուջեի ծախսման արդյունքում հասել ենք հետևյալին, որ այդ մարտահրավերների, այդ սպառնալիքի փուլը հաղթահարել ենք, որովհետև եթե 2022-2023-ին ու 2021-ին էլ, 2020-ին էլ մենք տեսնում էինք մեր պետության գոյությունը վտանգող ուղիղ և անմիջական սպառնալիք, այսօր մենք կարող ենք արձանագրել, որ կարողացել ենք վերը նշված բանաձևերի գործարկմամբ մեր պետությանը սպառնացող ուղիղ վտանգները, մեր պետության գոյությունը վտանգող ուղիղ սպառնալիքները կառավարել, չեզոքացնել կարճաժամկետ իմաստով և միջնաժամկետ իմաստով:
Բայց մենք պետք է հասկանանք նաև, որ երկարաժամկետ իմաստով շատ կարևոր է, որ այս քաղաքականությունը շարունակենք և, իրական Հայաստանի ռազմավարության վրա հիմնվելով, կայացնենք որոշումներ, որոնք տեղավորվում են այս տրամաբանության մեջ: Փոփոխվող աշխարհում անընդհատ փոփոխվելու ու զարգանալու մարտահրավերներին ու նպատակներին հարմարեցված որոշումներ կայացնելու ընդունակ կառավարություն, խորհրդարան և կառավարող մեծամասնություն պետք է լինենք: Սա է այն նպատակադրումը և այն ձեռքբերումը, որը մենք ունենք 2023 թվականի պետական բյուջեի ծախսման արդյունքներով, և մենք պետք է շարունակենք սպասարկել այս նպատակադրումը»,- ասաց նա: