Երբ 2018 թվականին ստանձնել ենք ՀՀ կառավարումը, մենք շարունակել ենք կղերաֆեոդալական ավանդույթները: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ՝ 2023 թվականի պետբյուջեի կատարողականը քննարկելիս, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ սա իշխանական թիմի «ամենամեծ ամոթն է» կամ գուցե «ամենամեծ պրոբլեմը»:
«Ի՞նչ է մեզ հետ տեղի ունեցել, որ այսօր մեզ ասում են՝ այ, դուք այսպիսի բան էիք ասում 2018-ին, 2019-ին, հիմա ոնց որ դա չեք ասում: Ինչո՞ւ, որովհետև մենք ինքներս մեր մեջ հաղթահարում ենք կղերաֆեոդալական մտածողությունը, և կղերաֆեոդալական համակարգը բունտ է անում դրա մեջ: Ո՞նց, ասում է, դուք ի՞նչ իրավունք ունեք մտածել, մենք ենք ստեղծել մտածողության կաղապարները դարեր ի վեր, և դուք պարտավոր եք մտածել այդ կաղապարի շրջանակում: Եթե դուք այդ կաղապարի շրջանակից դուրս մտածում եք, ուրեմն դուք դավաճան եք և այլն:
Բայց երբ մենք վերադառնում ենք լավ ապրելու հայեցակարգին և ըմբռնում ենք, որ պետությունը չի կարող լինել այլ բան, քան սեփական քաղաքացիների արդարությունը, երջանկությունը, կենսուրախությունն ապահովող գործիք, լավ ապրել ապահովող գործիք, մենք պետք է վերադառնանք այս հարցին՝ ի՞նչ է պետք դրա համար քաղաքական մակարդակում: Դրա համար հարկավոր է արդյունավետ պետություն»,- ասաց նա:
Ըստ Փաշինյանի՝ «ի՞նչ է նշանակում արդունավետ պետություն» հարցի պատասխանը, եթե ոչ ամեն տարվա բյուջեի հետ, ապա ամեն միջնաժամկետ ծախսերի ծրագրի հետ պետք է ձևակերպվի, քանի որ կարծում է՝ այն, ինչ դասագրքում գրված է, կարող է այսօր չաշխատել:
«Արդյունավետ պետությունը փոփոխվող աշխարհում անընդհատ փոփոխվելու ու զարգանալու, մարտահրավերներին ու նպատակներին հարմարեցված որոշումներ կայացնելու ընդունակ պետությունն է: Եվ սա միակ բանաձևն է, որը կապահովի պետության հարատևությունը և պետության կենսունակությունը: Հենց սա է տեղի ունենում մեզ հետ»,- ասաց նա: