Իսպանիան և Նորվեգիան ճանաչել են Պաղեստինը որպես անկախ պետություն. համապատասխան որոշումներն ուժի մեջ են մտել մայիսի 28-ից։
Ավելի վաղ Նորվեգիայի արտգործնախարար Էսպեն Բարտ Էյդեն Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ ճանաչումը հաստատող փաստաթուղթը հանձնել է Պաղեստինի ազգային վարչակազմի վարչապետ Մուհամեդ Մուստաֆային:
Էյդենի խոսքով՝ տվյալ որոշումը կարող է ավելի մեծ ազդակ հաղորդել Մերձավոր Արևելքում խաղաղ կարգավորմանը, եթե Նորվեգիայի օրինակին հետևեն այլ երկրներ:
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն էլ հայտարարել է, որ Մադրիդը ճանաչում է Պաղեստինի անկախ պետությունը 1967 թվականի սահմաններում՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով: Նրա խոսքով՝ որոշումը պատմական է, այն ուղղված չէ ոչ մեկի դեմ, այդ թվում՝ Իսրայելի: Սանչեսը վստահեցրել է, որ Իսրայելը Իսպանիայի բարեկամն է, որի հետ Մադրիդը մտադիր է պահպանել լավ հարաբերությունները: