Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոն Բրյուսելում կայացած հանդիպմանը ստորագրել են անվտանգության ոլորտում երկկողմ համաձայնագիր: Այն նախատեսում է F-16 ինքնաթիռների մատակարարում և Ուկրաինային այլ օգնության տրամադրում:
Ավելի վաղ Բելգիայի արտգործնախարար Հաջա Լահբիբը հայտնել էր, որ Բելգիան մինչև 2028 թվականը Ուկրաինային կմատակարարի 30 F-16 ինքնաթիռ, որոնց մի մասը Կիևը պետք է ստանա մինչև այս տարվա ավարտը:
Համաձայնագրով նախատեսվում է նաև 977 միլիոն եվրոյի չափով ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային:
Ավելի վաղ Զելենսկին այցելել էր Իսպանիա, վարչապետ Պեդրո Սանչեսի հետ երկկողմ անվտանգության համաձայնագիր ստորագրել: Նմանատիպ փաստաթղթեր Ուկրաինան ստորագրել է Գերմանիայի, Դանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Նիդերլանդների, Ֆինլանդիայի և Լատվիայի հետ: