Եվրամիության մի շարք երկրներ պատրաստ են վերացնել այն սահմանափակումները, որոնք թույլ չեն տալիս Ուկրաինային արևմտյան զենքով թիրախավորել Ռուսաստանում ռազմական օբյեկտները՝ հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչը:
Ժոզեպ Բորելի խոսքով, սակայն, ընդհանուր կոնսենսուս չկա: Նա համոզմունք է հայտնել, որ Ուկրաինայի ինքնապաշտպանական հարվածներն ըստ միջազգային իրավունքի օրինական են համարվում, եթե իրականացվեն համաչափ: Բորելը նշել է, որ նման որոշում կայացնելու հարցում որևէ մեկը չի կարող ճնշում գործադրել ԵՄ առանձին անդամ երկրների վրա:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն էլ կրկնել է՝ եթե ուկրաինական ուժերը արևմտյան զենքով թիրախավորեն Ռուսական տարածքում գտնվող օբյեկտները, դա չի նշանակի, որ Դաշինքը կամ դրա առանձին անդամ երկրները դառնում են հակամարտության մաս: Ավելի վաղ Ենս Ստոլտենբերգը նաև կոչ էր արել ՆԱՏՕ-ի երկրներին՝ վերանայել Կիևին իրենց մատակարարած զենքի օգտագործման սահմանափակումները:
Թեմային է անդրադարձել Վլադիմիր Պուտինը: «ՆԱՏՕ-ի երկրների այդ ներկայացուցիչները, հատկապես Եվրոպայում, հատկապես փոքր երկրներում, պետք է գիտակցեն՝ ինչի հետ են խաղում: Նրանք պետք է հիշեն, որ փոքր տարածքներ ունեն՝ խիտ բնակչությամբ»,- ասել է ՌԴ նախագահը: