Իսրայելի վարչապետն անդրադարձել է Ռաֆահ քաղաքի վրանային ճամբարին իսրայելական ուժերի հրթիռային ավիահարվածներին, որի հետևանքով տասնյակ պաղեստինցիներ են զոհվել:
Բենիամին Նեթանյահուի խոսքով՝ տեղի ունեցածը ողբերգական պատահականություն է, հետաքննությունը շարունակվում է, սակայն չեն պատրաստվում դադարեցնել պատերազմը, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի ոչնչացվել: Նա պնդել է, որ իսրայելական կողմը ջանքեր է գործադրում՝ ապահովելու քաղաքացիական անձանց անվտանգությունը: Իսրայելական կողմը հայտարարում է, որ Ռաֆահին հարվածները պատասխանն են ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի տարածքի թիրախավորմանը:
ՀԱՄԱՍ-ն իր հերթին հայտարարել է, որ Ռաֆահում տեղի ունեցածից հետո չի պատրաստվում մասնակցել Իսրայելի հետ տարվող բանակցություններին:
Իռլանդիայի արտգործնախարարն էլ տեղեկացրել է, որ ԵՄ ԱԳ նախարարներն առաջին անգամ լրջորեն քննարկել են Իսրայելի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը և հետևանքները: Նրա խոսքով՝ այդ հարցում դիվանագետների շրջանում կոնսենսուս չկա, սակայն բոլորին մտահոգում են Գազայի հատվածում զարգացումները: