Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ։
Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ:
106 տարի առաջ ճիշտ այս օրը՝ մայիսի 28-ին, բազմաթիվ հայորդիների արյամբ գրվեց մեր ժողովրդի պատմության փառավոր էջերից մեկը՝ հիմնադրվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը, որը դարձավ ապագայի նկատմամբ հայ ժողովրդի հույսի ու հավատի առհավատչյան:
Պետականությունն ու անկախությունը դիպվածի արդյունք չեն: Դրանք ազգի և ժողովրդի ինքնապահպանության, հավաքական արժանապատվության հրամայականով իրողություն դարձնելուն պատրաստ նրա հարյուր հազարավոր զավակների գիտակցված ինքնանվիրումի, հսկայական ջանքերի ու զոհողությունների շնորհիվ կերտվող անգին արժեքներ են, որոնց պահպանումն ուժերի էլ ավելի մեծ լարում և իմաստնություն է պահանջում:
Վերջին տարիներին մեր շուրջը և մեր ներսում տեղի ունեցած իրադարձություններն ի ցույց դրեցին և՛ լավ, և՛ վատ բազմաթիվ իրողություններ, որոնց հետ պարտավոր ենք հաշվի նստել: Այսօր մեր պետությանը նետված մարտահրավերները պարտադրում են վերստին վերգտնել մեր միասնականությունն ու կամքը՝ առանց ներքին ցնցումների հաղթահարելու մեզ նետված մարտահրավերները։ Դրանում հաջողելու ճանապարհը ոչ միայն մեր հոգեբանության և մտածողության փոփոխությունն է, այլ նաև մեր որդեգրած սահմանադրական արժեքներին հավատարիմ մնալն ու այդ արժեքներով առաջնորդվելը:
Մենք անկախության և պետականության համար չափազանց թանկ ենք վճարել և այժմ՝ ավելի քան մեկ դար անց, պետք է առաջնորդվենք ոչ թե հույզերով, այլ ինստիտուցիոնալ մտածողությամբ, և յուրաքանչյուրս մեր տեղում՝ մարդկային ու մասնագիտական բարեխղճությամբ, քրտնաջան աշխատանքով մեր նպաստը բերենք հայոց պետականության ամրացմանն ու Հայրենիքի հզորացմանը:
Կրկին շնորհավորելով բոլորիս այս մեծ տոնի կապակցությամբ՝ ուժ և ամուր կամք եմ մաղթում մեր իմաստուն ժողովրդին»,- ասված է ուղերձում: