Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։
Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի՝ փակ է Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը։
Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։
Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի է։ Բեռնատարների համար փակ է Դիլիջան-Իջևան հատվածը։ Գործում է շրջանցիկ Սևան-Ճամբարակ-Իջևան ավտոճանապարհը։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։