ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում ներկա է եղել Ներսիսյան դպրոցի հիմնադրման 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը:
Հոբելյանական միջոցառումների մեկնարկն ազդարարող ցուցադրությանը ներկայացվել են ավելի քան 200 արխիվային փաստաթղթերի և լուսանկարների պատճեններ:
Միջոցառմանը ներկա են եղել նաև Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Հայաստանում Վրաստանի դեսպան Ջորջ Շարվաշիձեն, վրացահայ հասարակական գործիչ, մտավորական, ցուցահանդեսի կազմակերպիչ Լևոն Չիդիլյանը, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջույնի խոսքում կարևորել է Ներսիսյան դպրոցի հիմնադրման 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը, որը հերթական անգամ հաստատում է Հայաստանի և Վրաստանի պատմականորեն դարավոր կապերն ու բազմաթիվ առնչակցությունները, մասնավորապես, կրթության և մշակույթի ոլորտներում:
«Ներսիսյան դպրոցն առանձնահատուկ տեղ է գրավում Հայաստանի և Վրաստանի պատմության մեջ: Կարծում եմ՝ Ներսիսյան դպրոցը եզակի երևույթ է, և պատահական չէ, որ ցուցահանդեսի բացումը տեղի է ունենում Մանկավարժական համալսարանում, որովհետև Ներսիսյան դպրոցի անվանի սաները մեր մանկավարժության պատմության առանցքային անուններից են՝ Խաչատուր Աբովյան, Ղազարոս Աղայան, Պերճ Պռոշյան, Մանուկ Աբեղյան և մյուսները: Մենք կարող ենք ամիսներով ուսումնասիրել նրանց թողած ժառանգությունը՝ հասկանալու այն հայացքները, որոնք մանկավարժության, դասավանդման մոտեցումների, ժամանակի ամենանորարար և առաջադեմ գաղափարներն են եղել: Այս անուններով տասնամյակներ շարունակ պայմանավորվել և ձևավորվել են մանկավարժության առանցքային մոտեցումները: Ներսիսյան դպրոցի 200-ամյակի առիթով կազմակերպված ցուցահանդեսը շարունակությունն է այն մանկավարժության և կրթության, որը ներկայում կերտվում է այս բուհում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
Նախարարը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին և կազմակերպիչներին՝ պատմական ժառանգություն արժևորման և հավելյալ քննարկման հնարավորության համար:
ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը ցուցահանդեսի բացումը բուհի համար կարևոր իրադարձություն է համարել և ներկայացրել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ներսես Ե Աշտարակեցու նախաձեռնությամբ 1824 թվականին Թբիլիսիում հիմնադրված Ներսիսյան դպրոցի պատմությունը։ Ռեկտորը Ներսիսյան դպրոցի 100-ամյա կրթական ժառանգությունը կարևորել է նաև հայ-վրացական հարաբերությունների, բարեկամության լավագույն ավանդույթների ձևավորման տեսանկյունից՝ պատահական չհամարելով, որ Ներսիսյան դպրոցում են ուսանել նաև վրաց իշխանների սերունդներ։ Սրբուհի Գևորգյանը ցուցահանդեսը կարևոր ուղերձ է համարել նաև այդ բարեկամությունը շարունակելու, նոր համագործակցություն սկսելու առումով։
Ներսիսյան դպրոցի հիմնադրման 200-ամյակին նվիրված ցուցահանդեսում ներկայացված արխիվային փաստաթղթերի և լուսանկարների պատճենների բնօրինակները պահվում են Հայաստանի և Վրաստանի ազգային արխիվներում, Երևանի Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում, Հայաստանի պատմության թանգարանում, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, Սարդարապատի հայոց ազգագրության և ազատագրական պայքարի թանգարանում, Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում և Լևոն Չիդիլյանի մասնավոր հավաքածուում:
Հայաստանում Վրաստանի դեսպան Ջորջ Շարվաշիձեն արդեն երկրորդ անգամ է մասնակցում հոգևոր դպրոցի հիմնադրման 200-ամյակին նվիրված ցուցահանդեսին․ հունվարին ցուցահանդեսը բացվել էր Կովկասյան համալսարանում՝ Թբիլիսիի Ներսիսյան հոգևոր դպրոցի շենքում։ Դեսպանի ընդգծմամբ՝ կրթահամալիրը եղել է կրթության, մտավորականության օրրան՝ նշանակալի բարեփոխումներով։
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը նշել է, որ Ներսիսյան դպրոցի հիմնադրմանը նվիրված ցուցահանդեսը թեպետ կազմակերպվել է կարճ ժամանակահատվածում, սակայն նյութերի հավաքագրման համար մեծ աշխատանք է իրականացվել։ Դեսպանը մատնանշել է ցուցահանադեսի բացման հիմքում առկա կարևոր խորհուրդը. «Ներսիսյան դպրոցն այսօր էլ շարունակում է երկու երկրների բարեկամության կամուրջ լինել: Մանկավարժական համալսարանը կրում է Մեծ Լուսավորիչ Խաչատուր Աբովյանի անունը, որը երեք տարի ուսանել է Ներսիսյան դպրոցում»։
ՀՊՄՀ պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանն էլ նշել է, որ ՀՊՄՀ-ի և Կովկաս համալսարանի նախաձեռնությամբ հոկտեմբերին կկայանա միջազգային գիտաժողով, որի նպատակն է անդրադառնալ Ներսիսյան դպրոցի, հայության կրթամշակութային կյանքի, հայ-վրացական հարաբերությունների պատմությանը:
Ցուցահանդեսին ներկա վրացահայ հասարակական գործիչ, մտավորական Լևոն Չիդիլյանը ներկայացնել է բացառիկ կրթօջախը, որի հիմնադիրների, հետագա կառավարողների նպատակն էր ոչ միայն կրթված, այլև նվիրյալ, ազգային սերունդ դաստիարակելը: